ԱՄՆ-ն չեղարկում է բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ-ն չեղարկում է բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ն հանել է Բելառուսի պոտաշի (կալիումի) արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը։

Ինչպես տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ջոն Քոուլի միջև տեղի են ունեցել երկօրյա բանակցություններ, որից հետո Քոուլը հայտնել է, որ ԱՄՆ հանում է պատժամիջոցները բելառուսական պոտաշի նկատմամբ։

«Նախագահ Թրամփի հանձնարարությամբ, ԱՄՆ հանում է կալիումի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Կարծում եմ, սա շատ դրական քայլ է ԱՄՆ-ի կողմից Բելառուսի հանդեպ», – նշել է Քոուլը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի սահմանած մյուս պատժամիջոցների վերաբերյալ քննարկումները կշարունակվեն։

«Երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի ընթացքում ավելի ու ավելի շատ պատժամիջոցներ կհանվեն», – հավելել է նա։

Բացի այդ, Քոուլը նշել է, որ Լուկաշենկոյի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման հարցը և ստացել է «խելամիտ խորհուրդներ»։

«Ես խոսեցի ձեր նախագահի հետ տարբեր թեմաների շուրջ։ Նա մեզ օգնում է՝ առաջարկելով, թե ինչ կարող ենք անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմի վերաբերյալ։ Նրա խորհուրդները շատ խելացի են», – ասել է Քոուլը։

Բելառուսի հնարավոր դերը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ընդգծելով՝ Ջոն Քոուլը նշել է Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև գոյություն ունեցող լավ հարաբերությունները։

«Ձեր նախագահը Վլադիմիր Պուտինի հետ երկարամյա հարաբերություններ ունի և կարող է նրան խորհուրդներ տալ։ Սա շատ օգտակար է ներկայիս իրավիճակում։ Նրանք ընկերներ են և ունեն այն մակարդակի փոխհարաբերություններ, որոնք անհրաժեշտ են նման հարցերը քննարկելու համար։ Իհարկե, նախագահ Պուտինը որոշ խորհուրդներ կարող է ընդունել, որոշները՝ ոչ, բայց սա աջակցություն է խաղաղ գործընթացին», – հավելել է Քոուլը։