ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնում Քնեսեթի կողմից ընդունված նոր օրենքի առնչությամբ, որը թույլ է տալիս կառավարությանն արգելել միջազգային լրատվականների գործունեությունը Իսրայելում
Քնեսեթն ընդունեց նոր օրենք, որը թույլ է տալիս կառավարությանն արգելել միջազգային լրատվամիջոցների գործունեությունը Իսրայելում, եթե դրանք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի ազգային անվտանգությանը: Տեղեկությունը տարածում են իսրայելական լրատվամիջոցները։
Նոր օրենքի համաձայն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և կապի նախարարը իրավունք կունենան արգելել միջազգային լրատվամիջոցների գործունեությունը։
Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հայտարարել է, որ նոր օրենքի համաձայն՝ վարչապետն անմիջապես կգործի «Ալ Ջազիրա»-ն փակելու ուղղությամբ:
Բայդենի վարչակազմն արձագանքում է Քնեսեթի ընդունած օրենքին։ Ինչպես ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիերը, ԱՄՆ-ն անհանգստացած է այս որոշմամբ։
«Մենք կարծում ենք, որ մամուլի ազատությունը չափազանց կարևոր է։ ԱՄՆ-ն աջակցում է այն կարևոր աշխատանքին, որ անում են լրագրողներն ամբողջ աշխարհում, ներառյալ Գազայում շարունակվող հակամարտությունը լուսաբանողներին: Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա մեզ համար մտահոգիչ է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ժան Պիերը։