ԱՄՆ Կոնգրեսի վերահսկիչ կոմիտեի դեմոկրատ անդամները հրապարակել են Ջեֆրի Էփշտեյնի նոր փաստաթղթերը, որոնք ներառում են Դոնալդ Թրամփի լուսանկարները
ԱՄՆ Կոնգրեսի վերահսկիչ հանձնաժողովի դեմոկրատ անդամները հրապարակել են Ջեֆրի Էփշտեյնի նոր փաստաթղթերը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարները։
Դոնալդ Թրամփը ներկայացված է երեք լուսանկարում. Առաջին լուսանկարում նա մի քանի կանանց հետ է, որոնց դեմքերը ծածկված են։ 1997 թվականի Victoria’s Secret-ի երեկույթից մեկ այլ լուսանկարում Թրամփն ու Էփշտեյնը միասին են: Թրամփն էլ երրորդ նկարում է՝ մի կնոջ հետ, որի դեմքը նույնպես ծածկված է։
Դոնալդ Թրամփն ու Ջեֆրի Էփշտեյնը տարիներ շարունակ ընկերներ են եղել, սակայն ԱՄՆ նախագահի խոսքով՝ նրանց հարաբերություններն ավարտվել են 2004 թվականին՝ Էփշտեյնի ձերբակալությունից շատ առաջ։
Բացի Դոնալդ Թրամփից, դեմոկրատների հրապարակած 19 լուսանկարներում մի քանի հայտնի մարդիկ են։ Նրանց թվում են՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը, կինոռեժիսոր Վուդի Ալենը, տնտեսագետ Լարի Սամերսը, իրավաբան Ալան Դերշովիցը, բրիտանացի ձեռնարկատեր Ռիչարդ Բրենսոնը, Էնդրյու Մաունթբաթեն-Վինդզորը և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը:
Բիլ Քլինթոնը Ջեֆրի Էփշտեյնի հետ մեկ լուսանկարում է։ Քլինթոնի ներկայացուցիչն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ նախկին նախագահը Էփշտեյնի անձնական ինքնաթիռով չորս անգամ ճանապարհորդել է 2002-ից 2003 թվականներին:
Բիլ Գեյթսին կարելի է տեսնել Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի հետ երկու լուսանկարներում: Աջ կողմում երևում է նաև Չարլզ թագավորը, որն այդ ժամանակ Ուելսի արքայազնն էր։
Կոմիտեն ներկայումս ուսումնասիրում է մոտ 95000 լուսանկար Էփշտեյնի գործից:
Կոմիտեի հանրապետական ներկայացուցչի խոսքով՝ դեմոկրատները փորձում են «կեղծ պատմություն ստեղծել նախագահ Թրամփի մասին»։ Ինչպես պարզաբանել են հանրապետականները, փաստաթղթերում ոչինչ չի նշվում Դոնալդ Թրամփի կողմից որևէ ապօրինի գործողությունների մասին:
Ի դեպ, մինչև դեկտեմբերի 19-ը Արդարադատության նախարարությունը պետք է հրապարակի Ջեֆրի Էփշտեյնի հետաքննության հետ կապված բոլոր փաստաթղթերը։ Ջեֆրի Էփշտեյնը ամերիկացի ֆինանսիստ էր, ով ձերբակալվել էր 2019 թվականին՝ անչափահասների սեռական թրաֆիքինգի մեղադրանքով։ Նույն թվականին նա մահացավ բանտում։