ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է ռուսական ակտիվների բռնագրավում հօգուտ Ուկրաինայի
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը ներառում է ռուսական ակտիվների բռնագրավում հօգուտ Ուկրաինայի։ Բացի այդ, օրինագիծը վերաբերում է հակառուսական պատժամիջոցների ընդլայնմանը։ Օրինագծին կողմ է քվեարկել 360 կոնգրեսական՝ 58-ի դիմաց։
Օրինագիծը Միացյալ Նահանգների նախագահին լիազորում է իրականացնել սառեցված ակտիվների բռնագրավման ընթացակարգը, այնուհետև միջոցները փոխանցել հատուկ հիմնադրամներին, ինչպիսիք են փոխհատուցման հիմնադրամը և Ուկրաինայի աջակցության հիմնադրամը:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը կկարողանա համակարգել G7 երկրների, Եվրամիության, Ավստրալիայի և ԱՄՆ այլ գործընկերների հետ առգրավված ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու ալգորիթմը։
Օրինագիծը նաև նախատեսում է, որ իր ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր հետո, Միացյալ Նահանգների նախագահը պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին, որտեղ կբացահայտվեն Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ենթարկված բոլոր անձինք և կազմակերպությունները: Զեկույցը պետք է նաև բացահայտի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք ենթակա են ԱՄՆ պատժամիջոցների՝ 2016 թվականի Մագնիտսկու օրենքի համաձայն: