ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի տվյալներով՝ մինչև 750 000 դաշնային աշխատակիցներ կարող են ստիպված լինել արձակուրդ գնալ կամ աշխատել առանց վարձատրության այսպես կոչված փակման պատճառով
Մինչև 750 000 դաշնային աշխատակիցներ կարող են ստիպված լինել արձակուրդ գնալ կամ աշխատել առանց վարձատրության այսպես կոչված փակման պատճառով, գրում է Guardian-ը՝ հղում անելով Կոնգրեսի բյուջետային գրասենյակի հայտարարությանը։
Բացի այդ, արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ կառավարության աշխատանքի ժամանակավոր դադարեցումը կազդի հարյուր հազարավոր մարդկանց վրա։
BBC-ի տվյալներով՝ ռազմական հաստատությունների, ներգաղթային ծառայությունների և օդային երթևեկության կարգավարների նման ծառայությունները կշարունակեն աշխատել, չնայած այլ ծառայություններ կարող են կասեցվել կամ ստիպված լինել աշխատել ուշացումներով։
Ինչ վերաբերում է սոցիալական առողջապահական ծրագրերի աշխատանքին, BBC-ն գրում է, որ ծրագրերը կշարունակեն աշխատել, սակայն անձնակազմի պակասի պատճառով կարող են որոշ ծառայությունների խափանումներ լինել։
BBC-ի փոխանցմամբ, չնայած օդանավակայանները, այդ թվում՝ օդային երթևեկության կարգավարները, կշարունակեն աշխատել, այնտեղ աշխատող մարդիկ չեն վարձատրվի, ինչը կարող է անձնակազմի խնդիր ստեղծել։ Սա նշանակում է, որ չվերթների ուշացումներն ու չեղարկումները կդառնան ավելի հաճախակի։
Նախորդ տարիներին կառավարության աշխատանքի դադարեցումը ազդել է նաև երկրի ազգային պարկերի վրա, չնայած, ինչպես հայտնի է, այս դեպքում ազգային պարկերը մասամբ կբացվեն։ BBC-ն գրում է, որ հայտնի չէ, թե որքան կտևի կառավարության աշխատանքների ժամանակավոր դադարեցումը և որքան վնաս կկրի ԱՄՆ բյուջեն դրա հետևանքով, չնայած 2018 թվականին ամենաերկար, 35-օրյա «դադարը» ԱՄՆ-ին արժեցել է երեք միլիարդ դոլար։