ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ առևտրային ներկայացուցչին ամրապնդել առևտրային և ներդրումային կապերը Վրաստանի հետ
ԱՄՆ կոնգրեսականները նամակով դիմել են ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Քեթրին Թային՝ կոչ անելով ամրապնդել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև առևտրային և ներդրումային կապերը։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Վրաստանը Միացյալ Նահանգների ամենակարեւոր դաշնակիցն է։ Վրաստանը, որպես զարգացող ժողովրդավարական երկիր, պետք է ձեռնարկի զգալի քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, որոնք կնպաստեն կովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնումն էլ ավելի կարագացնի այդ բարեփոխումները»,- ասված է նամակում։
Ըստ ԱԳՆ-ի՝ նամակում ընդգծվում է Վրաստանի առանցքային աշխարհագրական դիրքը, ինչը նրան դարձնում է իդեալական գործընկեր գլոբալ լարվածության և անկայունության լույսի ներքո։ Կոնգրեսականներն ընդգծել են, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև առևտրային հարաբերությունները հիմնված են այնպիսի ամուր հիմքերի վրա, ինչպիսիք են Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, Բարձր մակարդակի առևտրային երկխոսությունը և երկկողմանի ներդրումային համաձայնագիրը։ Վրաստանը նաև ճանաչված է որպես արժեքավոր գործընկեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության առումով, Եվրամիության կողմից, ինչի մասին վկայում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը։
Ամերիկացի կոնգրեսականների կարծիքով, այսօր, երբ Վրաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը տնտեսական աճն է, Միացյալ Նահանգների հետ առևտրային և ներդրումային կապերի ամրապնդումը ուժեղ խթան կհանդիսանա Վրաստանում շուկայական բարեփոխումների և ներդրումային քաղաքականության համար՝ ճանապարհ հարթելով ամերիկյան ապրանքների և ծառայությունների համար Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի, Թուրքայի և Արևելյան Եվրոպայի շուկաներում: Այս առումով հատկապես կարևոր է գործընկեր երկրի հետ ազատ առևտրի առկայությունը։
Նամակում ընդգծվում է Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև կարևոր դաշինքը և ռազմավարական գործընկերությունը, Վրաստանի նշանակալի ներդրումը Իրաքում և Աֆղանստանում շարունակվող ռազմական գործողություններում, նաև Վրաստանի առաջատար դերը կովկասյան տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս կայունության և ժողովրդավարական արժեքների հաստատման գործում։
Նամակը, որը հրապարակվել է դեկտեմբերի 10-ին, ստորագրել են կոնգրեսականներ Քերոլ Միլլերը, Ադամ Քինզինգերը, Սթիվ Ուոմեկը, Ջոն Ռոուզը, Ջիմի Գոմեսը, Ջերալդ Քոնոլին, Դեն Քրենշոուն և Ալեքս Մունը: