ԱՄՆ-ում Կենտուկի նահանգի Լետչեր շրջանի շերիֆ Շոն Սթայնսը ձերբակալվել է դատավորի սպանության համար,- հայտնում է «BBC»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Ուայթսբուրգ քաղաքի դատարանի շենքում։ Ամբաստանյալը մի քանի անգամ կրակել է դատավոր Քևին Մալինսի վրա, ինչի արդյունքում Մալլինսը տեղում մահացել է։
43-ամյա շերիֆին ոստիկանները տեղում ձերբակալել են։ Ոստիկանության տվյալներով՝ դատարանում կրակոցին նախորդել է վիճաբանություն։
Սակայն, ինչպես գրում է «Mountain Eagle» տեղական թերթը, Շերիֆ Սթայնսը դատարանում աշխատակիցներին ասել է, որ ցանկանում է անձամբ խոսել Մալլինսի հետ։ Դատավորի աշխատասենյակում նրանք փակ դռների հետևում հանդիպում են անցկացրել, և քիչ անց կրակոցներ են հնչել։ Շերիֆ Սթայնսը դուրս է եկել գրասենյակից և հանձնվել ոստիկանությանը։
Նահանգի գլխավոր դատախազ Ռասել Քոուլմանը ասել է, որ իր գերատեսչությունն ամբողջությամբ կհետաքննի գործը և կհասնի արդարության:
Կենտուկի նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մեթ Գայհարթը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ քաղաքը ցնցված է կատարվածից։ Կենտուկիի Գերագույն դատարանի նախագահ Լոուրենս Վանմեթերն ասել է, որ «ցնցված է այս բռնի գործողությունից»: