ԱՄՆ իշխանությունը զգալիորեն մեղմացրել է Վենեսուելայի նավթային հատվածի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ իշխանությունը զգալիորեն մեղմացրել է Վենեսուելայի նավթային հատվածի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ իշխանությունը զգալիորեն մեղմացրել է Վենեսուելայի նավթային հատվածի դեմ պատժամիջոցները։ Այս քայլը Բայդենի վարչակազմը արել է ի պատասխան Վենեսուելայի կառավարության և ընդդիմադիր կուսակցությունների միջև 2024 թվականի ընտրությունների վերաբերյալ ձեռք բերված գործարքի:

Մասնավորապես, ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից տրված նոր լիցենզիան թույլ է տալիս ՕՊԵԿ անդամ Վենեսուելային, որը 2019 թվականից գտնվում է խիստ պատժամիջոցների տակ, 6 ամսով նավթ արդյունահանել և արտահանել իր նախընտրած շուկաներ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընտրական զիջումները, սակայն նշել է, որ Վաշինգտոնը նրան ժամանակ է տվել մինչև նոյեմբերի վերջ՝ վերացնելու նախագահի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ սահմանափակումները:

Բացի այդ, «Reuters»-ի հետ զրույցում Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցների մեղմացումը կչեղարկվի, եթե Մադուրոն չկատարի նշված գործողությունները։