ԱՄՆ-Իրան հրադադարի համաձայնագրին չնայած Հորմուզի նեղուցում նավագնացությունը դադարեցվել է
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ռազմավարական ծովային միջանցքն ամբողջությամբ փակվել է, և նավթատարները ստիպված են եղել հետ վերադառնալ։
Marine Traffic ծովային մոնիթորինգի հարթակի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը երկու նավ՝ հունական չոր բեռնատար նավ և Լիբերիայի դրոշի ներքո նավարկող տանկեր: Սակայն նեղուցը հետագայում կրկին փակվել է։
Իրանական գործակալությունների հաղորդմամբ՝ Իրանն ամբողջությամբ դադարեցրել է նավթատարների շարժը Հորմուզի նեղուցում՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների պատճառով։ Արդյունքում, մի քանի տանկերներ ստիպված էին փոխել իրենց երթուղիները և վերադառնալ Պարսից ծոց։
Ավելի վաղ Իրանի նավահանգիստների և ծովային կազմակերպությունը հրապարակել էր Հորմուզի նեղուցի անվտանգ նավարկության սխեման և կոչ էր արել բոլոր նավերին խստորեն հետևել նշանակված երթուղիներին՝ ականների վտանգից խուսափելու համար։