ԱՄՆ-ի Տնտեսական վերլուծության բյուրոյի զեկույցի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ-ում համախառն ներքին արդյունքը նվազել է 0.3%-ով
2025 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 0.3%-ով։ Նման դեպք տեղի է ունեցել առաջին անգամ 2022 թվականից ի վեր։ Այս մասին հայտնում է «Բլումբերգ»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Տնտեսական վերլուծության բյուրոյի զեկույցին։
Զեկույցի համաձայն՝ ՀՆԱ-ի նվազումը հիմնականում պայմանավորված է սակագների կիրառման նախաշեմին ներմուծման ծավալի աճով։
Ըստ զեկույցի՝ զուտ արտահանումը ՀՆԱ-ի համեմատությամբ նվազել է գրեթե 5 տոկոսային կետով, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Սպառողական ծախսերը, որոնք կազմում են ՀՆԱ-ի երկու երրորդը, աճել են 1.8%-ով, ինչը վատագույն ցուցանիշն է 2023 թվականի կեսերից ի վեր, սակայն ավելի լավ է, քան տնտեսագետների կանխատեսումները։
Բիզնեսի ծախսերը սարքավորումների գնման վրա աճել են 2020 թվականից ի վեր ամենաարագ տեմպերով։ Վերջին անգամ ԱՄՆ-ում եռամսյակային ՀՆԱ-ի անկումը գրանցվել էր 2022 թվականին։