ԱՄՆ-ի տարբեր նահանգների ոստիկանական գործակալությունները Ուկրաինայի քաղաքացիներին պաշտպանական տեխնիկա են ուղարկում, ինչը փորձագետներն աննախադեպ են անվանում. Սի Էն Էն
ԱՄՆ-ի տարբեր նահանգների ոստիկանական գործակալությունները Ուկրաինայի քաղաքացիներին պաշտպանական տեխնիկա են ուղարկում, ինչը փորձագետներն աննախադեպ են անվանում. Սի Էն Էն

ԱՄՆ-ի տարբեր նահանգների ոստիկանական կառույցները պաշտպանական տեխնիկա են ուղարկում Ուկրաինայի քաղաքացիներին։

Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։

Ըստ Սի Էն Էն-ի՝ ԱՄՆ-ի Այովա և Նեբրասկա նահանգների նահանգապետերն ասել են, որ իրենք Ուկրաինայի քաղաքացիներին ուղարկում են պաշտպանական և ռազմական տեխնիկա՝ զրահաբաճկոններ և սաղավարտներ՝ ավելի լավ պաշտպանվելու ռուսական ագրեսիայից:

Նեբրասկայի նահանգապետի խոսքով՝ իրենց նահանգից Ուկրաինա կուղարկվի 550 միավոր պաշտպանական տեխնիկա, իսկ Այովա նահանգից՝ 860 միավոր տեխնիկա։

Ըստ Սի Էն Էն-ի՝ Կալիֆորնիայից Օհայո և Վերմոնտ, ոստիկանական բաժանմունքներն իրենց ոչ մահաբեր սարքավորումներն ուղարկում են Ուկրաինա՝ նվիրատվությունների տեսքով: Սարքավորումների հավաքագրումն իրականացվում է ոչ կառավարական խմբերի կողմից։ Տարբեր բարեգործական կազմակերպություններ և ԱՄՆ-ի բանակի նախկին զինծառայողներ նույնպես ներգրավված են այդ ջանքերում:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փորձագետներն աննախադեպ են անվանում իրավապահ մարմինների կողմից պաշտպանական և ռազմական տեխնիկայի փոխանցումը նվիրատվության տեսքով։

Միաժամանակ, «Սի Էն Էն»-ը նշում է, որ հարց է առաջանում, թե նահանգների իրավապահ մարմինները որքանո՞վ են թույլ տալիս պետությանը ռազմական դրության մեջ գտնվող օտար երկիր տեխնիկա ուղարկել։ Հայտնի չէ նաև, թե ինչ է ուղարկվելու և ինչ է ներառվելու արտահանման կանոնակարգերի ցանկում։