ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը այսօր քննարկելու է Վրաստանին աջակցող երկկուսակցական արձանագրությունը
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը այսօր քննարկելու է Վրաստանին աջակցող երկկուսակցական արձանագրությունը

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը քննարկելու է երկկուսակցական «Վրաստանին աջակցող արձանագրությունը», որը ներկայացվել է Վրաստանի բարեկամ խմբի համանախագահ կոնգրեսականներ Ջերի Քոնոլիի և Ադամ Քինզինգերի կողմից:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տղեկությամբ, աջակցող արձանագրությունն ունի մոտ 30 համահովանավոր, ինչպես ժողովրդավարական, այնպես էլ՝ հանրապետական կուսակցություններից: Մինչ ներկայացուցիչների պալատի քննարկումը օրինագիծը միաձայն ընդունել է մի քանի կոմիտե, այդ թվում՝ արտաքին հարաբերությունների, իրավաբանական հարցերով և եկամուտների կոմիտեն:

Երկկուսակցական օրինագիծն ընդգծում է Վրաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ ԱՄՆ-ի կայուն աջակցությունը և հանդես գալիս Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքները խախտող անձանց դեմ պատժամիջոցների սահմանման նախաձեռնությամբ:

Օրինագիծն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում ԱՄՆ-Վրաստան պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությանը, Վրաստանի պաշտպանունակության կայունացմանը և պետական քարտուղարին հանձնարարում այս ուղղությամբ ներկայացնել համապատասխան գերատեսչությունների հետ միասին Վրաստանի հետ համագործակցության առաջիկա հինգ տարվա ռազմավարություն:

Օրինագծի համաձայն, ԱՄՆ-ի կոնգրեսականներն աջակցություն են հայտնում և ընդգծում Վրաստանում ընթացող ժողովրդավարական արժեքների զարգացումը, այդ թվում՝ ազատ և ժողովրդավար ընտրությունները, հանրային սեկտորի թափանցիկությունը, օրենքի գերագույնությունը և երկրում ընթացող հակակոռուպցիոն ջանքերը:

Կոնգրեսականները աջակցություն են հայտնում Վրաստանի եվրատլանտյան և եվրոպական ինտեգրմանը և պաշտպանության և անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի Վրաստանի հարաբերությունների առավել հզորացմանը և նոր փուլ անցնելու նախաձեռնությամբ հանդես գալիս:

Օրինագծի համաձայն, Ամերիկայի Միացյալ Նահանգները քաղաքականություն պետք է վարի Վրաստանի հետ կոնսուլտացիայի ճանապարհով, հզորացնի Վրաստանի կողմից վտանգից խուսափելու, դիմակայելու և ինքնապաշտպանության հնարավորությունները: