ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Կիևում հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Կիևում է։ Նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Զելենսկին հանդիպման կադրերը տարածել է սոցիալական ցանցերում։
«Ես Կիևում հանդիպել եմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետ։ Միացյալ Նահանգները առաջատարն է Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում ուժեղ աջակցությամբ։ Շնորհակալություն, որ օգնում եք մեզ պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- գրել է Վոլոդիմիր Զելենսկին։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին խնդրել էր 33 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնության համար: Ինչպես ասել է Նենսի Փելոսին, նա հուսով է, որ Կոնգրեսը հնարավորինս շուտ կհաստատի Ուկրաինային 33 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։