ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարություն -Կարմիր ծովում ԱՄՆ զինվորականները կոալիցիոն գործընկերների հետ միասին խոցել են Եմենի «հութիների» արձակած 15 անօդաչու թռչող սարքեր
«Ամերիկացի զինվորականները կոալիցիոն գործընկերների հետ Կարմիր ծովում խոցել են Եմենի «հութիների» արձակած 15 անօդաչու թռչող սարքեր»,- հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ Իրանի աջակցությամբ գործող «հութիները» անօդաչու թռչող սարքերով լայնածավալ հարձակում են իրականացրել Կարմիր ծովում և Ադենի ծոցում։
«Կոալիցիոն ուժերը դիտարկել են անօդաչու թռչող սարքերը և որոշել, որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում տարածքում գտնվող առևտրային նավերի, ԱՄՆ ռազմածովային ուժերի և կոալիցիայի նավերի համար: ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն ու օդանավերը կոալիցիայի բազմաթիվ ռազմածովային նավերի և ինքնաթիռների հետ միասին 15 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս գործողություններն իրականացվում են նավագնացության ազատությունը պաշտպանելու և միջազգային ջրերն ավելի անվտանգ դարձնելու համար»,- հայտնել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունից։