ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար. Հետախուզական տեղեկատվության չկա, որ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը անկայուն է կամ վատ
Հետախուզական տվյալներ չկան, որ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը անկայուն է կամ նա վատառողջ է։ Ինչպես գրում է «BBC»-ն, այս մասին Կոլորադոյում անվտանգության ֆորումում ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնը։
Ռուսաստանի նախագահի առողջության հետ կապված մի շարք չհաստատված տեղեկություններ են տարածվել լրատվամիջոցներում, որոշ հրապարակումներ գրել են, որ նա կարող է լուրջ հիվանդություն ունենալ։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է Ուիլյամ Բերնսը, այս ենթադրությունը հաստատող որևէ ապացույց չկա:
Բերնսը կատակել է, որ Վլադիմիր Պուտինը «չափազանց առողջ տեսք ունի»՝ հավելելով, որ կատակը հետախուզության պաշտոնական գնահատական չէ:
«Նախագահ Պուտինի առողջական վիճակի մասին շատ խոսակցություններ կան, և որքան մենք կարող ենք ասել, նա ծայրահեղ առողջ է»,- նշել է Բերնսը։
Նշենք, որ Ուիլյամ Բերնսը 2005-2008 թվականներին աշխատել է որպես Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան։ Ըստ Ուիլյամ Բեռնսի՝ Պուտինը «հսկողության, ահաբեկման և հատուցման մեծ ջատագով է, և նրա մոտեցումն ավելի կոշտ է դարձել վերջին տասնամյակի ընթացքում, քանի որ նրա խորհրդականների շրջանակը կրճատվում է:
«Նա վստահ է, որ որպես Ռուսաստանի ղեկավար իր նպատակն է վերականգնել Ռուսաստանը որպես մեծ տերություն։ Նա կարծում է, որ դրա բանալին Ռուսաստանի հարևանությամբ ազդեցության գոտու վերստեղծումն է, և նա չի կարող դա անել առանց Ուկրաինան վերահսկելու», – ասել է Ուիլյամ Բերնսը։
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը նոյեմբերին Մոսկվայում էր՝ Պուտինին զգուշացնելու լուրջ հետևանքների մասին, եթե վերջինս միջամտի Ուկրաինային։ Սակայն, ըստ Բըրնսի, նա Ռուսաստանից հեռացել է ավելի անհանգստացած, քան այնտեղ ժամանելիս։
Ինչպես նշել է Բերնսը, Ռուսաստանի նախագահի ծրագրերը հիմնված են եղել սխալ հաշվարկների և որոշ պատրանքների վրա, հատկապես Ուկրաինայի և դիմադրելու կամքի վերաբերյալ:
«Պուտինն իսկապես հավատում է իր հռետորաբանությանը։ Ես լսել եմ, որ նա այս տարիների ընթացքում մասնավոր զրույցներում ասում էր, որ Ուկրաինան իրական երկիր չէ։ Իրական երկրները կարող են դիմակայել։ Դա հենց այն է, ինչ արեցին ուկրաինացիները»,- ասել է Ուիլյամ Բերնսը։