ԱՄՆ-ի դաշնային դատարանը ժամանակավորապես դադարեցրել է «Ազատություն ռադիոյի» փակումը
ԱՄՆ-ի դաշնային դատարանը ժամանակավորապես դադարեցրել է «Ազատություն ռադիոյի» փակումը։ ԱՄՆ-ի դաշնային դատարանը բավարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոյի» հայցը և ժամանակավորապես դադարեցրել ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) կողմից դրամաշնորհային պայմանագրի չեղարկման ուժի մեջ մտնելը մինչև վեճի ավարտը։
«Ազատություն ռադիոն» հայց էր ներկայացրել անցած շաբաթ՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած փակման հրամանը «խախտում է Սահմանադրությունն ու դաշնային օրենքները»։ Դատարանի որոշման համաձայն՝ USAGM-ի կողմից «Ազատություն ռադիոյի» հետ պայմանագրի չեղարկումը, ամենայն հավանականությամբ, ինքնակամ և չհիմնավորված է եղել և, ամենայն հավանականությամբ, խախտում է ԱՄՆ-ի Սահմանադրությունը։
ԱՄՆ-ի դաշնային դատավոր Ռոյս Լամբերտը, ով ընդունել է համապատասխան որոշումը, նշել է. ««Ազատություն ռադիոն» տասնամյակներ շարունակ գործել է որպես Կոնգրեսի կողմից օրենքով սահմանված կազմակերպություն։ USAGM-ի ղեկավարությունը չի կարող մի նախադասությամբ, որը գրեթե ոչինչ չի բացատրում, պարտադրել «Ազատություն ռադիոյին» փակվել, նույնիսկ եթե նախագահն է այդպես հրահանգել»։
Մեդիայի փոխանցմամբ՝ որոշումը վերջնական չէ, և գործի քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարեց RFE/RL («Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիո») ցանցի ֆինանսավորման ամբողջական դադարեցման մասին։ Մինչ այդ «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցի լրագրողները հեռացվել էին աշխատանքից։ «Ազատություն ռադիոն» և «Ամերիկայի ձայնը» դատական հայց էին ներկայացրել՝ ֆինանսավորումը վերականգնելու նպատակով։