ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն. Հուլիսի 13-ին նախկին նախագահի դեմ մահափորձը գաղտնի ծառայության ամենանշանակալի գործառնական ձախողումն է տասնամյակների ընթացքում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը լսում է Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլիին։
Կոնգրեսականները հարցաքննում են Գաղտնի ծառայության ղեկավարին հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթի վրա հարձակման վերաբերյալ։
Կոնգրեսականները փորձում են պարզել, թե ինչն է պատճառը, որ Գաղտնի ծառայությունը չի կարողացել համապատասխան պաշտպանություն ապահովել նախկին նախագահի համար։
Նիստի սկզբում Քիմբերլի Չիթլը դիմել է կոնգրեսականներին.
«Հուլիսի 13-ին նախկին նախագահի դեմ մահափորձը Գաղտնի ծառայության ամենանշանակալի գործառնական ձախողումն է տասնամյակների ընթացքում: Գաղտնի ծառայության առաջնային առաքելությունն է պաշտպանել մեր ազգի առաջնորդներին: Հուլիսի 13-ին մենք անհաջողություն ապրեցինք։ Որպես Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության տնօրեն՝ ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը գերատեսչության թույլ տված ցանկացած սխալի համար: Մենք լիովին համագործակցում ենք ընթացող հետաքննության հետ։ Մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչ է տեղի ունեցել, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հուլիսի 13-ի նման միջադեպը երբեք չկրկնվի»,- ասել է ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրենը։
Հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականները Քիմբերլի Չիթլին հարցրել են՝ արդյոք Գաղտնի ծառայության գործակալները տանիքում են եղել, որտեղից զինված անձը՝ Թոմաս Քրուքսը, կրակ է բացել նախկին նախագահի վրա։ Արդյո՞ք Թոմաս Քրուքսը նախընտրական քարոզարշավից առաջ անօդաչու թռչող սարք է վարել և ինչու՞ նրան չեն կանգնեցրել, երբ մի շարք մարդիկ նրան նկատել են տանիքի վրա հրազենով։
Քիմբերլի Չիթլը խուսափել է որոշ հարցերից՝ ոմանց ասելով, որ «միջադեպից անցել է ընդամենը ինը օր, և այն դեռ հետաքննության փուլում է»:
«Ես չեմ կարող մանրամասնել այս օրվա մասին»,- ասել է Չիթլին։