ԱՄՆ-ը Վրաստանի պարեկային ոստիկանության դեպարտամենտին է փոխանցել արագաչափ ձեռքի ռադարներ (վիդեո)
Ամերիկայի Միացյալ նահանգների պետական հակակոռուպցիոն և իրավապահ մարմինների հետ հարաբերությունների միջազգային բյուրոն (INL) Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտին որպես նվեր փոխանցել է արագաչափ 9 ռադար:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, նոր ռադարների արդյունավետ կիրառման նպատակով, ամերիկացի ինստրուկտորները պարեկային ոստիկանության դեպարտամենտի 18 աշխատակցի համար անցկացրել են քառօրյա թրեյնինգ:
Ընթացիկ տարվա դեկտեմբերից, վերապատրաստված պարեկ-տեսուչները ձեռքի ռադարներն առաջին անգամ կկիրառեն Մցխեթա-Մթիանեթի մունիցիպալիտետում, մասնավորապես՝ Դարյալի կիրճում, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում:
Պարեկային ոստիկանությունը ձեռքի ռադարները ներդնելու է ավտոճանապարհի այն հատվածներում, որտեղ չի տարածվում «խելացի» տեսախցիկների արեալը և ավտոճանապարհային պատահարների ռիսկը բարձր է:
Արագաչափի ներդրման նպատակը ավտովթարների կանխարգելումը և ճանապարհային անվտանգության մակարդակի ավելացումն է: