ԱՄՆ-ը վետո է դրել Գազայում կրակի անհապաղ դադարեցման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա
ԱՄՆ-ը վետո է դրել Գազայում կրակի անհապաղ դադարեցման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա։ Քվեարկության ժամանակ խորհրդի 13 անդամ երկրներ աջակցել են բանաձեւին, իսկ Բրիտանիան ձեռնպահ է մնացել։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչն ասել է, որ գործընթացում բացակայել են համապատասխան խորհրդակցությունները և հաշվի չեն առնվել Վաշինգտոնի հանձնարարականները։ Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ բանաձեւը չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին։
«Ոչ մի երկիր չպետք է համակերպվի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի արածի հետ։ Եթե նման հարձակում կատարվեր մեր երկրներից մեկի վրա, մենք բոլորս կակնկալեինք, որ այս խորհուրդը վերահաստատի մեր քաղաքացիներին պաշտպանելու մեր իրավունքները: Բանաձեւի ամենաանիրատեսական մասը անվերապահ զինադադարի կոչն է։ Սա պարզապես կթողնի ՀԱՄԱՍ-ին իր տեղում, որը կկարողանա վերախմբավորվել և կրկնել այն, ինչ արեց հոկտեմբերի 7-ին: Այս բանաձեւն ըստ էության ասում է, որ Իսրայելը պետք է ուղղակի հանդուրժի դա»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը ձեռնպահ մնալը բացատրել է նրանով, որ Մեծ Բրիտանիան չի կարող կողմ քվեարկել մի բանաձեւի, որը չի դատապարտում հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի վայրագությունները։