ԱՄՆ-ը վետո է դրել Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա

22:30, 20.11.2024

ԱՄՆ-ը վետո է դրել Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա։

15 անդամներից բաղկացած խորհուրդը քվեարկել է Գազայի հատվածում անհապաղ, անվերապահ ու մշտական ​​հրադադար հաստատելու մասին բանաձեւի եւ պատանդների ազատ արձակման առանձին բանաձեւի շուրջ: Բանաձեւին դեմ է եղել միայն ԱՄՆ-ն, որը որպես Խորհրդի մշտական ​​անդամ օգտվել է վետոյի իրավունքից։

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Վուդի խոսքով՝ Վաշինգտոնի դիրքորոշումը հստակ է, և նա կաջակցի միայն այն բանաձևին, որը միանշանակ պահանջում է հրադադարի շրջանակներում պատանդներին անհապաղ ազատ արձակել։

«Պատերազմի երկարաժամկետ դադարեցմանը պետք է հասնել պատանդների ազատ արձակմամբ։ Այս երկու հրատապ նպատակները անքակտելիորեն կապված են միմյանց հետ։ Բանաձեւն անտեսեց այդ անհրաժեշտությունը, եւ ԱՄՆ-ն չաջակցեց դրան հենց այդ պատճառով»,- ասել է Վուդը։

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը փորձել է փոխզիջման հասնել, սակայն բանաձեւի տեքստը վտանգավոր ազդանշան կհաղորդի Համասին, որ բանակցությունների սեղան վերադառնալու կարիք չկա։

Միացյալ Նահանգները քննադատության ենթարկվեց անդամ երկրների ` Ալժիրի, Էկվադորի, Գայանայի, Ճապոնիայի, Մալթայի, Մոզամբիկի, Հարավային Կորեայի, Սիերա Լեոնեի, Սլովենիայի և Շվեյցարիայի կողմից մշակված բանաձեւի վրա վետո դնելու համար։

ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչն ասել է, որ վետոյի կիրառման պատճառով Խորհուրդը հերթական անգամ չի կատարել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պարտավորությունը։

Նմանատիպ