ԱՄՆ-ը կարող է ռուսական նավթի գնող երկրներին սահմանել մինչև 500 տոկոս մաքսային տուրք
ԱՄՆ-ը կարող է ռուսական նավթ գնող երկրներին սահմանել մինչև 500 տոկոս մաքսային տուրք, – գրում է «Բլումբերգ»-ը։
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ի սենատում Ռուսաստանի և ռուսական նավթ գնող երկրների դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին աջակցում է 72 սենատոր։
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցները ներառում են 500-տոկոսանոց հարկ այն ապրանքների ներմուծման վրա, որոնք գալիս են այն երկրներից, որոնք գնում են ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ և ուրան։ Բացի այդ, պատժամիջոցները արգելում են ԱՄՆ քաղաքացիներին ձեռք բերել Ռուսաստանի պետական պարտատոմսեր։
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ նոր օրինագիծը նախատեսված է նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելու համար։
«Նա իր հիասթափությունը արտահայտեց։ Ես ուզում եմ պատերազմն ավարտել բանակցությունների միջոցով՝ պատվով և արդար կերպով։ Կարծում եմ՝ Թրամփը լավագույն մարդն է այդ նպատակին հասնելու համար, բայց այս պատժամիջոցները արտացոլում են այն կարծիքը, որ սենատը Ռուսաստանին գլխավոր մեղավոր է համարում», – ասել է Լինդսի Գրեմը։
Սենատորը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հսկայական սխալ է գործում՝ Թրամփի հետ խաղալով», այդ պատճառով էլ այս օրինագիծը համարվում է նախագահի զինանոցում մեկ այլ միջոց։