ԱՄՆ-ը հարված է հասցրել Եմենի «հութիներին» պատկանող ռադարին
ԱՄՆ-ը հարված է հասցրել Եմենի «հութիներին» պատկանող ռադարին

ԱՄՆ-ը կրկին հարվածներ է հասցրել Եմենում գտնվող «հութիների» ռազմական օբյեկտներին։

Ինչպես հաղորդում է «BBC»-ն, հարվածի թիրախը եղել է «հութիներին» պատկանող ռադարը։

Ամերիկացի զինվորականների տեղեկություններով՝ հարձակումն իրականացվել է «Tomahawk» թեւավոր հրթիռներով, որոնք արձակվել են Կարմիր ծովում տեղակայված ռազմական նավից։

Ըստ Պենտագոնի՝ այս հարվածը երեկվա հարձակումների շարունակությունն էր, որոնք նպատակ ունեն վերացնել Եմենի «հութիների»՝ Կարմիր ծովում նավարկվող կոմերցիոն նավերի վրա հարձակվելու հնարավորությունը։

«Հութիներն» իրենք են պնդում, որ ԱՄՆ-ը մի քանի հարձակում է իրականացրել Եմենի մայրաքաղաք Սանայի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կրկին հարվածներ կհասցնի Եմենում գտնվող «հութիների» ռազմական օբյեկտներին։ Լրագրողների հետ զրույցում Բայդենը «հութիներին» անվանել է ահաբեկիչներ և նաև ասել, որ կոչ է արել Իրանին զերծ մնալ որևէ գործողությունից։

«Հութիները» տարիներ շարունակ վերահսկում են Եմենի հյուսիսարևմտյան հատվածը, այդ թվում՝ երկրի մայրաքաղաքը։ նոյեմբերին Կարմիր ծովում սկսեցին հարձակվել առևտրային նավերի վրա։ Ըստ «հութիների», նրանք այսպիսով բողոքում են Գազայի հատվածում Իսրայելի կողմից սկսված պատերազմի դեմ։