ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենում հութիների դեմ
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հերթական հարվածների շարքն են հասցրել Եմենում «հութիների» դեմ։ BBC-ի փոխանցմամբ՝ Եմենի 13 վայրերում հարվածներ են հասցվել 36 թիրախների ուղղությամբ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Եմենում հութիների դեմ հարվածների երրորդ շարքն է՝ ի պատասխան Կարմիր ծովում նավերի վրա նրանց հարձակումների։ Ավիահարվածներին աջակցել են Ավստրալիան, Բահրեյնը, Կանադան, Դանիան, Նիդեռլանդները և Նոր Զելանդիան։
«Այս բարձր ճշգրտության հարվածները ուղղված են խափանելու և թուլացնելու կարողությունները, որոնք հութիներն օգտագործում են համաշխարհային առևտրին և անմեղ ծովագնացներին սպառնալու համար, և պատասխան են հութիների անօրինական, վտանգավոր և ապակայունացնող գործողություններին», – ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ:
Պենտագոնի տվյալներով՝ ռմբակոծվել են զենքի պահեստներ, հրթիռային համակարգեր և արձակման համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և ռադարներ։ Ոչնչացվել է նաև ափին տեղակայված անօդաչու սարքերի կառավարման կենտրոնը։
Հութիների դեմ համատեղ հարվածներից առաջ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը հարձակվել են հութիների վեց հականավային թեւավոր հրթիռների վրա, որոնք պատրաստ էին արձակվել Կարմիր ծովում նավերի դեմ։ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հրթիռները անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմանավերի և առևտրային նավերի համար: