ԱՄՆ-ը 322 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային, ամերիկացի դիվանագետները կվերսկսեն աշխատանքը Ուկրաինայում
Միացյալ Նահանգները 322 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային, իսկ որոշ ամերիկացի դիվանագետներ կվերսկսեն աշխատանքը Ուկրաինայում։ ԱՄՆ-ի Պետքարտուղարության աշխատակիցներից մեկի խոսքով՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայում այցով գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը կվերաբացնի գրասենյակները Լվովում, որտեղ դիվանագետները ամեն օր կմեկնեն Լեհաստանից՝ «որքան հնարավոր է շուտ դիվանագետներին Կիևում դեսպանատուն վերադարձնելու համար»։
Նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի նաև Բրիջիթ Բրինկի թեկնածությունը, ով ներկայումս ԱՄՆ-ի դեսպանն է Սլովակիայում։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իր հերթին ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը Ուկրաինայի նախագահին ասել է, որ ԱՄՆ-ի ռազմական օգնության շրջանակում հաուբիցների առաջին խմբաքանակն արդեն Ուկրաինայում է։
Կիև կատարած այցի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղարը և պաշտպանության նախարարը հանդիպել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկու հետ։