ԱՄՆ դատախազը քննում է Ֆլինի մասնակցությունը Գյուլենի մասին ֆիլմի ստեղծմանը
ԱՄՆ հատուկ դատախազի ապարատը հետաքննում է Մայքլ Ֆլինի ընկերության մասնակցությունը Թուրքիայի շահերից բխող՝ փաստագրական ֆիլմի ստեղծմանը: Ֆիլմը իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի մասին է, ում Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ:
Հիշեցնենք. Մայքլ Ֆլինը եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականը ազգային անվտանգության հարցերով: Գյուլենն այդ փաստագրական ֆիլմում ներկայացվել է տհաճ լույսի ներքո:
Բացի այդ, մամուլի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ նախընտրական արշավի ընթացքում Ֆլինը Թուրքիայի նախագահ Էրդողանին մտերիմ թուրք գործարարի հետ ստորագրել է 530 հազար դոլարի պայմանագիր:
Անկարան պնդում է, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենը եղել է անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի հիմնական կազմակերպիչը: