Ամերիկյան «Եվրասիա գրուպ» վերլուծական կենտրոնը 2024 թվականի գլոբալ ռիսկերի շարքում դասում է Ուկրաինայի մասնատման վտանգը
Ամերիկյան «Եվրասիա գրուպ» վերլուծական կենտրոնը 2024 թվականի գլոբալ ռիսկերի թվում է անվանում Ուկրաինայի մասնատման վտանգը։
Կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Յան Բրեմերը Time ամսագրում հրապարակված հոդվածում գրում է, որ 2024 թվականը շրջադարձային է պատերազմի մեջ, և եթե Ուկրաինան չլուծի իր աշխատուժի խնդիրները, չմեծացնի զենքի արտադրությունը և չստեղծի իրատեսական ռազմական ռազմավարություն, տարածքային կորուստները կարող են լինել մշտական և կարող են ընդլայնվել։
«Կիևն այս տարի ավելի մեծ ռազմական ռիսկի կդիմի, այդ թվում՝ ավելի շատ թիրախներ խոցելով Ռուսաստանի ներսում, ինչը կառաջացնի ռուսական աննախադեպ պատասխաններ և, հնարավոր է, հակամարտության մեջ կբերի ՆԱՏՕ-ին», – նշվում է հոդվածում։
«Գլոբալ ռիսկեր» գրքում Յան Բրեմերը նկարագրում է ԱՄՆ-ի ներկայիս իրավիճակը և գրում, որ նախագահական ընտրությունները կխորացնեն երկրի քաղաքական տարաձայնությունները, կփորձարկեն ամերիկյան ժողովրդավարությունն այն աստիճանի, որը ազգը չի ապրել 150 տարվա ընթացքում, և դա կխաթարի երկրի վստահելիությունը։
Ամերիկացի վերլուծաբանը նշում է, որ Թրամփի հաղթանակի հեռանկարը կթուլացնի Ամերիկայի դիրքերը համաշխարհային հարթակում։
«Եվրասիա գրուպի» ղեկավարը գլոբալ ռիսկերի թվում նշում է հակամարտության հնարավոր ընդլայնումը Մերձավոր Արևելքում, անվերահսկելի արհեստական ինտելեկտը, չինական տնտեսության թուլացումը, համաշխարհային մասշտաբով կրիտիկական նշանակություն ունեցող օգտակար հանածոների համար պայքարը և գլոբալ գնաճը։