Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Մոսկվա» հածանավի վրա հարձակումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված հետախուզական տվյալների շնորհիվ
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հածանավի վրա հարձակումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված հետախուզության շնորհիվ։
Այս մասին հայտնում են «CNN»-ը և «NBC»-ն, ինչպես նաև «Washington Post»-ը և «New York Times»-ը՝ վկայակոչելով մի քանի անանուն ամերիկացի պաշտոնյաների։
Ինչպես հայտնում է «CNN»-ը, ուկրաինական ուժերը, որոնք նկատել են ռուսական նավի կոնկրետ տեղը Սև ծովում, կապ են հաստատել ամերիկացի դաշնակիցների հետ՝ հաստատելու, որ նավն իրականում հածանավ «Մոսկվա» է։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ը հաստատել է տեղեկությունը և ուկրաինական կողմին տրամադրել ճշգրիտ հետախուզական տվյալներ նավի կոնկրետ գտնվելու վայրի վերաբերյալ։
«NBC»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը նախապես չի իմացել, որ Ուկրաինան ծրագրում է հարձակվել «Մոսկվայի վրա»։ Նրանց խոսքով՝ ընդհանուր առմամբ, ԱՄՆ «ծովային հետախուզությունը» տեղեկություններ է փոխանցում Ուկրաինային՝ օգնելու նրան պաշտպանվել ռուսական նավերի հարձակումից։
Ըստ «Washington Post»-ի՝ առանց ԱՄՆ հետախուզության տեղեկության, ուկրաինական կողմի համար դժվար կլիներ թիրախավորել «Մոսկվա» հածանավը և առանց չհաստատված տեղեկությունների արձակել առանց այն էլ փոքր քանակությամբ «Նեպտուն» հրթիռներ։
Ըստ «New York Times»-ի՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված հետախուզությունը հիմնականում ներառում է իրական ժամանակում ռուսական զորքերի ակնկալվող տեղաշարժի մասին տեղեկատվություն։