Ամանորի գալուստով Առաջին Հանրապետության հրապարակում կկայանա շքեղ գալա համերգ, այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Ուրախությամբ լի օրերին ձեզ սպասում են ամանորյա միջոցառումներ ամբողջ քաղաքում։ Մայր այգում և Օրբելիանի հրապարակում գործում է «Ամանորյա գյուղ», որտեղ ողջ օրվա ընթացքում տիրում է տոնական մթնոլորտ՝ համերգներ, ներկայացումներ, Սուրբ Ծննդյան տոնավաճառներ, Ձմեռ պապի տուն և բազմաթիվ զվարճանքներ երեխաների համար։ Դուք կարող եք ամեն օր գալ «Ամանորյա գյուղ» և բերել ձեր երեխաներին։ Իսկ դեկտեմբերի 31-ին, ավանդաբար, միասին դիմավորենք 2024 թվականի գալուստը։ Ամանորի գալուստով Առաջին Հանրապետության հրապարակում կսկսվի շքեղ գալա համերգ։ Դա կլինի երկու գործողությամբ թատերական շոու, մյուզիքլ, որը կմիավորի Վրաստանի և Եվրոպայի մշակույթն ու ավանդույթները»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, համերգի առաջին մասում կհնչեն հին վրացական ամանորյա երգերի՝ բոլորի կողմից սիրված բոլորովին թարմացված տարբերակները՝ նվագախմբի նվագակցությամբ։
«Համերգի երկրորդ մասում կճամփորդենք եվրոպական տարբեր երկրներ եւ կհիշենք շատ սիրելի երգեր ու ֆիլմեր։ Գալա համերգին կմասնակցեն հարյուրավոր արտիստներ՝ վրացական էստրադայի աստղեր, երաժշտական երգչախմբեր և անսամբլներ, Եվրատեսիլի մասնակից երեխաներ, VOICE նախագծի մասնակիցներ, պարողներ և Ազգային սիմֆոնիկ նվագախումբը՝ Նիկոլոզ Ռաճվելիի ղեկավարությամբ։ Այսպիսով, բոլորիդ սպասում ենք գալա համերգին։ Եկեք միասին ճանապարհենք 2023 թվականը և մաղթենք երջանիկ, հաջողակ նոր տարի»,- ասել է Կախա Կալաձեն։