Ալյասկա նահանգում չարտերային ինքնաթիռ է կործանվել, բորտում գտնվող բոլոր ութ անձինք զոհվել են

15:52, 21.08.2026
Ալյասկա նահանգում՝ հեռահար ռադարային կայանի մոտ, չարտերային ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով բորտում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել են: Այս մասին տեղեկությունը տարածում է «Ասոշիեյթեդ Պրես»-ը:
Ավիաաղետը տեղի է ունեցել Քեյփ Նյուվենհեմի հեռահար գործողության ռադարային կայանի տարածքում գտնվող օդանավակայանում: Այն Ալյասկայի ամենամեծ քաղաքից՝ Անկորիջից, գտնվում է մոտ 725 կիլոմետր հեռավորության վրա:
«Սա հսկայական կորուստ է մեր ռազմական ընտանիքի և այն համայնքների համար, որոնց ծառայում ենք», – հայտարարել է Ալյասկայի հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Դևիսը:
Ռադարային կայանը ղեկավարում է Խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժերի տարածաշրջանային աջակցության կենտրոնը: Այն հեռահար ռադարային կայանների ցանցի մի մասն է, որը վերահսկում է Ալյասկայի օդային տարածքն ու նրա սահմանների մոտ շարժվող ինքնաթիռները:
Հրամանատարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ աշխատանք էին կատարում ինքնաթիռում գտնվող անձինք: Գերատեսչության հայտարարության համաձայն՝ ինքնաթիռը մասնավոր կապալառուի կողմից վարձակալված քաղաքացիական օդանավ էր:

Նմանատիպ