Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և ավագանու անդամները միացել են «Ալիլո» ավանդական երթին։
Մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի անդամները՝ Ազատության հրապարակում, շնորհավորել են բոլորին Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի առթիվ, նրանց նվիրել ամանորյա թխվածքաբլիթներ ու քաղցրավենիք։ «Ալիլոյի» երթի ժամանակ Թբիլիսիի ավագանու նախագահ Գիորգի Տղեմալաձեն Սուրբ Ծնունդն անվանել է սիրո, բարության, հավատքի և ապագայի հույսի տոն և խաղաղություն մաղթել համայն Վրաստանին։
Սուրբ Ծննդյան օրը Առաջին Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ալիլոյի» երթը։ Երթը անցավ Ռուսթավելի պողոտայով և Ազատության հրապարակով և ավարտվեց Սուրբ Երրորդության տաճարում աղոթքով։ Բնակիչները ճանապարհին քաղցրավենիք ու նվերներ են տվել «Ալիլոյի» մասնակիցներին։
Նվիրատվությունը, որը հավաքվել է «Ալիլոյի» երթի ժամանակ, Սուրբ Երրորդություն տաճարից կբաշխվի մանկատներին ու քրեակատարողական հիմնարկներին։