Ալեն Բերսե. Օտար ազդեցության մասին օրենքները պետք է ստուգվեն առանց կրկնակի ստանդարտների. այն, ինչ անընդունելի է Վրաստանում կամ Հունգարիայում, նույն կերպ պետք է գնահատվի Գերմանիայում և Ռումինիայում
Եվրոպայում ընդունվում են օտար ազդեցության մասին օրենքներ, որոնք պետք է ստուգվեն առանց կրկնակի ստանդարտների. այն, ինչ անընդունելի է Վրաստանում կամ Հունգարիայում, նույն կերպ պետք է գնահատվի Գերմանիայում և Ռումինիայում, – այս մասին գրում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն «Եվրոնյուզում» հրապարակված «Դեմոկրատիան՝ Եվրոպայի պաշտպանության առաջնագիծը» վերնագրով հոդվածում։
«Ամբողջ Եվրոպայում ներկայացվել են օտար ազդեցության մասին օրենքներ։ Նրանց նպատակը, հնարավոր է, օրինական լինի։ Բայց ինչպես ես պարզ հասկացրեցի, այդ միջոցները չպետք է օգտագործվեն քննադատության ճնշման կամ քաղաքացիական տարածքի սահմանափակման համար։
Այս օրենքները պետք է ստուգվեն առանց կրկնակի ստանդարտների, հատկապես դատարանների կողմից։ Այն, ինչ անընդունելի է համարվում Վրաստանում կամ Հունգարիայում, նույն կերպ պետք է գնահատվի Գերմանիայում և Ռումինիայում, քանի որ կրկնակի ստանդարտները՝ լինի իրական թե ընկալվող, քայքայում են հանրային վստահությունը և վնասում Եվրոպայի վստահելիությանը՝ հատկապես գլոբալ հարավի տեսանկյունից», – նշում է Բերսեն։
Հոդվածում Բերսեն անդրադառնում է նաև Եվրոպայի առջև կանգնած այլ մարտահրավերների։ Օրինակ է բերում Բոսնիա և Հերցեգովինայի սահմանադրական ճգնաժամը, որը, ըստ նրա, սպառնում է արևմտյան Բալկաններին ապակայունացմամբ։ Նա հիշատակում է նաև Գերմանիայում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցչի հայտարարությունը, թե իբր Ադոլֆ Հիտլերը կոմունիստ է եղել։ Բերսեի գնահատմամբ՝ «սա հիշեցում է, որ ստերը դեռ պղտորում են ժողովրդավարական կյանքը»։
«Այս նոր պարադիգմում ազատությունները սահմանափակվում են հենց այդ ազատությունները պաշտպանելու անվան տակ։ Եվրոպան այժմ պետք է սահմանի ժողովրդավարական անվտանգության ռազմավարություն՝ մի ռազմավարություն, որը արժեքները կդնի մեր պաշտպանության էպիկենտրոնում։ Քանի որ հենց այդ արժեքներն են, որոնք ապահովել են խաղաղություն Եվրոպայում 80 տարվա ընթացքում, և որոնք այսօր գտնվում են հարձակման տակ։ ԵՄ-ն տրամադրում է 800 միլիարդ եվրո ռազմական պաշտպանության համար։ Ժողովրդավարական անվտանգությունը պահանջում է նույնքան հստակություն, արագություն և վճռականություն ամբողջ մայրցամաքում», – գրում է Բերսեն։
Նրա խոսքով՝ այս մարտահրավերները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է նոր ժողովրդավարական պայմանագիր Եվրոպայի համար, որի առաջնահերթությունը կլինի կրթությունը, պաշտպանությունը և նորարարությունը։
«Կրթություն՝ նշանակում է սովորել տարբերակել ճշմարտությունն ու սուտը։ Եվրոպացի երիտասարդների 76 տոկոսն ասում է, որ անցած շաբաթ հանդիպել է ապատեղեկատվության։ 42 տոկոսը օգտվում է սոցիալական ցանցերից՝ որպես տեղեկատվության աղբյուր։ Եվրոպան չի կարող թույլ տալ, որ հանրային դաշտը ենթարկվի ալգորիթմներին։ Մեզ անհրաժեշտ է մշակել Եվրոպայի խորհրդի կոնվենցիա ապատեղեկատվության և օտար ազդեցության վերաբերյալ, որպեսզի սահմանազատենք արտահայտվելու ազատությունն ու ճշմարտության անհրաժեշտությունը, օրինական քննադատությունն ու ապակայունացումը։ Պաշտպանությունը նշանակում է ժողովրդավարության ամրապնդում այնտեղ, որտեղ այն նահանջում է։ Լրագրողների վրա հարձակումներից մինչև թուլացած ընտրություններ և քաղաքականացված արդարադատություն՝ սպառնալիքի ազդակները ամենուր են։ Ժողովրդավարական դիմակայության հիմնադրամը կապահովեր արագ աջակցություն այնտեղ, որտեղ ժողովրդավարությունը սկսում է օրորվել, ինչը հնարավորություն կտար կանխարգելել։ Նորարարությունը նշանակում է մեր հաստատությունների հարմարեցում արագ զարգացող, սահմանամերձ և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։ Ոչ մի կազմակերպություն մենակ չի կարող հաղթահարել դա։ «Եվրոպայի խորհուրդը» և «Եվրոպական քաղաքական միությունը» կիսում են նույն մայրցամաքը և նույն նպատակադրումը։ Մեկը բերում է իրավական ստանդարտներ, ինստիտուցիոնալ փորձառություն և տեխնիկական փորձագիտություն, մյուսը՝ քաղաքական մղում։ Միասին նրանք կարող են ժողովրդավարական անվտանգությունը դարձնել եվրոպական առաջնահերթություն», – գրում է Ալեն Բերսեն։