Ալեն Բերսե. Դեկտեմբերին Թբիլիսի կատարած իմ այցը մեզ արդյունք տվեց, և դա որոշակի ակնկալիքներ ստեղծեց, ԵԽ-ին անդամակցությունը ներառում է որոշակի պարտավորություններ, որոնք պետք է հարգվեն
Դեկտեմբերին Թբիլիսի կատարած այցը տվեց արդյունքներ՝ անհամաչափ ուժի կիրառումից խուսափելու պարտավորություն, ոստիկանության կողմից բռնության մեղադրանքների անկախ, թափանցիկ և արդյունավետ հետաքննության երաշխիք, նաև ԵԽ փորձագետների հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու պատրաստակամություն՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքում էական փոփոխություններ կատարելու համար։ Սա մեզ համար որոշակի ակնկալիքներ է ստեղծել,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԵԽ-ին անդամակցությունը ներառում է որոշակի պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն։
«Մենք միշտ պետք է ուղղակիորեն ասենք մեր ասելիքը և դա անենք ազնիվ ու օբյեկտիվ։ Այս ոգով էի, որ ես մեծ պատվիրակությամբ եղա Վրաստանում, և ձեր խոսնակները նույն ոգով մեկնեցին։ Մարդու իրավունքների հանձնակատարը Վրաստան էր այցելել օրեր առաջ։ Իսկ դեկտեմբերին Թբիլիսի կատարած այցը մեզ տվեց արդյունքներ՝ անհամաչափ ուժի կիրառումից խուսափելու պարտավորություն, ոստիկանության կողմից բռնության մեղադրանքների անկախ, թափանցիկ և արդյունավետ հետաքննության երաշխիք։ Նաև ԵԽ փորձագետների հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու պատրաստակամություն՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքում էական փոփոխություններ կատարելու համար։ Սա որոշակի ակնկալիքներ ստեղծեց մեզ համար։ Եվրախորհրդի անդամակցությունը չի ենթադրում անդամակցություն ֆիթնես ակումբին կամ առողջապահական կենտրոնին և ներառում է որոշակի պարտավորություններ, որոնք պետք է հարգվեն»,- նշել է Ալեն Բերսեն։