Ալեքսեյ Նավալնիի մահվանը մասնակից լինելու մեղադրանքով՝ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել վեց անձի նկատմամբ

20:31, 03.07.2026

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մեջ ներգրավված վեց անձի նկատմամբ։

Եվրոպական խորհրդի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների ենթարկված անձանց մեծ մասը գիտնականներ և հետազոտողներ են, ովքեր մասնակցել են Նավալնիի մահն առաջացրած տոքսինի ստեղծմանը։

Նրանց իսկ տեղեկացմամբ՝ այդ մարդիկ մասնակցել են քիմիական զենքի, մասնավորապես՝ էպիբատիդինի ստեղծմանը, որը հայտնաբերվել է ընդդիմադիրի մահից հետո վերցված նմուշներում։

«Եվրամիությունը նախկինի պես լիովին հավատարիմ է քիմիական զենքի տարածման և կիրառման դեմ պայքարին և քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման ու կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայով նախատեսված դրույթների աջակցմանը»,— ասված է հայտարարության մեջ։

Ի գիտություն՝ Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան հասակում մահացել է 2024 թվականի փետրվարի 16-ին ուղղիչ գաղութում։ Եվրոպական հինգ երկրներ հայտարարել են, որ Ալեքսեյ Նավալնիին բանտում թունավորել են այսպես կոչված էկվադորյան գորտի թույնով։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան և Նիդերլանդները համոզված են, որ Նավալնիին գաղութում թունավորել են մահացու նյութով։ Նրանց եզրակացությունները հիմնված են Նավալնիի աճյունից վերցված նմուշների անալիզի վրա, որը, նրանց խոսքով, հաստատել է այն տոքսինի առկայությունը, որը հանդիպում է Հարավային Ամերիկայի թունավոր գորտերի մեջ և Ռուսաստանում բնական պայմաններում տարածված չէ։ Կրեմլը հերքում է Ալեքսեյ Նավալնիին թույնով թունավորելու մասին մեղադրանքը։

Նմանատիպ