Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով Եվրամիությունը դիտարկում է պատժամիջոցներ կիրառելու հարցը
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով Եվրամիությունը քննարկում է պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Այս մասին արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է լրատվամիջոցներին Բրյուսելում արտգործնախարարների նիստի մեկնարկից առաջ։
Ջոզեֆ Բորելի խոսքով՝ նախարարների հանդիպմանը մասնակցելու է Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյա Նավալնայան։
«Անդամ երկրներն անպայման պատժամիջոցներ կկիրառեն պատասխանատու անձանց նկատմամբ։ Իհարկե, հիմնական պատասխանատվությունը հենց Պուտինի վրա է։ Մենք կարող ենք ներգրավել Ռուսաստանի քրեակատարողական համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը, բայց մի մոռացեք, թե իրականում ով է պատասխանատու Նավալնիի մահվան համար»,- ասել է Բորելը։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունը հայտարարեց ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։