Ալեքսանդր Ստաբ. Ուկրաինան և Ռուսաստանը ավելի մոտ են համաձայնության, քան երբևէ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը այս պահին խաղաղության պայմանագրին մոտ են այնքան, որքան երբևէ պատերազմը սկսվելուց ի վեր։ Նրա խոսքով՝ մնացել է ընդամենը ամենաբարդ հարցերի մոտ 5%-ը, որոնք դեռևս չեն լուծվել։
Սթուբը նշել է, որ առաջընթացը հնարավոր դարձավ ԱՄՆ դիվանագիտության և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցային ճնշման շնորհիվ։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, վերջին շաբաթներին աշխատել են շուրջօրյա ռեժիմով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակասությունների նվազեցման նպատակով։ Նա նաև ընդգծել է Արևմուտքի միասնականությունը։
«Եվրոպան, Ուկրաինան և ԱՄՆ-ը միասնական են արդար և կայուն խաղաղության հասնելու ձգտման մեջ։ Երկրորդ կարևոր գաղափարը Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն են։ Մենք գրեթե հասել ենք նպատակին, սակայն ամենադժվար 5%-ը դեռ առջևում է», – նշել է Սթուբը։
Ինչ վերաբերում է ռուսական կողմին՝ Ֆինլանդիայի նախագահի գնահատմամբ, փակ դռների հետևում նրանց դիրքորոշումները ավելի ճկուն են եղել, քան հրապարակային հայտարարություններում։ Նա ընդգծել է, որ նման տարբերությունը բնորոշ է նման գործընթացներին։
«Ռուսաստանի տնտեսությունը իրականում լավ վիճակում չէ։ Զրոյական տնտեսական աճ ունեն, պահուստները սպառվել են, տոկոսադրույքներն ու գնաճը բարձր են, և իրավիճակը դեպի բարելավում չի գնում», – ասել է Սթուբը։
Նա նաև նշել է, որ ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկոիլ» նավթային ընկերությունների դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները հատկապես արդյունավետ են եղել։
Վերջում Սթուբը հայտարարել է, որ անհրաժեշտ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Մոսկվան մերժի Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունները։