Ալեքսանդր Սիրսկին ասում է, որ Ռուսաստանը ցանկանում է մինչև մայիսի 9-ը գրավել Չասիվ Յար քաղաքը
Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է մինչև մայիսի 9-ը գրավել Դոնեցկի մարզի Չասիվ Յար քաղաքը։
Ինչպես գրում է Սիրսկին Facebook-ի իր էջում, ռուսական բանակը կենտրոնացած է Բախմուտ քաղաքի արևմուտքում և ցանկանում է ճեղքել ուկրաինացիների պաշտպանական գիծն այս ուղղությամբ, ինչը թույլ կտա նրանց գրավել Չասիվ Յարը, այնուհետև իրենց ուժերն ուղղել դեպի Կրամատորսկ։
«Սպառնալիքը հրատապ է՝ հաշվի առնելով, որ ռուսական ռազմական ղեկավարությունը խնդիր է դրել ռուս զինվորների համար մինչև մայիսի 9-ը գրավել Չասիվ Յարը»,- գրում է Ալեքսանդր Սիրսկին։
Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները մեծ ջանքերի գնով կասեցնում են հակառակորդի հարձակումները։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Չասիվ Յարը Դոնեցկի մարզում ուկրաինական ռազմական ուժերի համար կարեւոր աջակցության կետ է։