Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմին հյուսիսկորեացի զինվորականների մասնակցությունը կհանգեցնի հակամարտության լարման
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմին հյուսիսկորեացի զինվորականների մասնակցությունը կհանգեցնի հակամարտության լարման։ Այս մասին նա խոսել է BBC -ին տված հարցազրույցում։
«Ես գիտեմ նրա (Պուտինի) բնավորությունը, և նա երբեք չի փորձի համոզել մեկ այլ երկրի՝ ներգրավել իր զինվորականներին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող հատուկ գործողությանը», – ասել է Լուկաշենկոն։
Լրագրողի այն հարցին, թե ինչ է նշանակում, եթե հաստատվի պատերազմին Հյուսիսային Կորեայի ռազմական ներգրավվածության փաստը, Լուկաշենկոն պատասխանել է, որ դա կբերի պատերազմի սրման։
«Հակամարտության սրմանն ուղղված քայլ կլինի, եթե որեւէ երկրի, նույնիսկ Բելառուսի զինվորականը լինի գծում։ Եթե նույնիսկ պատերազմի մեջ լինեինք, դա կլինի էսկալացիայի ճանապարհ։ ինչու Որովհետև դուք՝ անգլո-սաքսոններդ, ակնթարթորեն կասեք, որ այլ երկիր է խառնվել, և ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայվելու են Ուկրաինայում»,- ասել է Լուկաշենկոն։
Իսկ այն հարցին, թե երբևէ խնդրել է Վլադիմիր Պուտինին բելառուսական զորքեր ուղարկել Ուկրաինայի դեմ պատերազմի, Լուկաշենկոն պատասխանել է՝ երբեք։
«Ո՛չ նա, ո՛չ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն, ո՛չ ներկայիս պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը երբևէ չեն բարձրացրել այդ հարցը», – հարցին ի պատասխան նշել է Լուկաշենկոն։