Աքսիոս - Իրանը ԱՄՆ-ին ներկայացրել է նոր խաղաղության առաջարկ, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում և հրադադարի ռեժիմի շարունակություն
Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է նոր խաղաղության առաջարկ, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում և հրադադարի ռեժիմի շարունակություն, մինչդեռ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները պետք է հետաձգվեն,- հայտնում է «Axios» հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին միջնորդներին՝ Պակիստանին, Եգիպտոսին, Թուրքիային և Կատարին, տեղեկացրել է, որ Թեհրանը դեռևս համաձայնության չի եկել այն մասին, թե ինչպես արձագանքել ամերիկյան պահանջներին։
«Axios»-ի փոխանցմամբ՝ նոր առաջարկը Վաշինգտոնին է փոխանցվել Պակիստանի միջոցով և կենտրոնացած է Հորմուզի ճգնաժամի լուծման վրա։ Միջուկային հարցի շուրջ բանակցությունները կսկսվեն միայն ավելի ուշ՝ Հորմուզի նեղուցի բացման, շրջափակման վերացման և հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքումից հետո։
Հրապարակման համաձայն՝ Սպիտակ տունը ստացել է առաջարկը, չնայած դեռևս պարզ չէ՝ Վաշինգտոնը կքննարկի՞ այն, թե՞ ոչ։
Բացի այդ, ինչպես բացատրում է «Axios»-ը՝ հղում անելով աղբյուրներին, Դոնալդ Թրամփն այսօր կհանդիպի իր անվտանգության թիմի հետ՝ Իրանի հարցը քննարկելու համար։