«Աքսիոս»՝ անցյալ գիշեր իրանական ռազմական ուժերը Հորմուզի նեղուցում առնվազն երկու հրթիռ են արձակել առևտրային նավերի ուղղությամբ
Իրանի ռազմական ուժերն անցած գիշեր Հորմուզի նեղուցով ընթացող առևտրային նավերի ուղղությամբ առնվազն երկու հրթիռ են արձակել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Աքսիոս» հրատարակությունը՝ հղում անելով ամերիկյան երկու պաշտոնյայի։
Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների ծառայությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցի հարակից տարածքում, հարավային ուղղությամբ ընթացող լցանավին արկ է դիպել, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությամբ՝ իրանական հրթիռը վնասել է նաև երկրորդ առևտրային նավը։ Երկու նավերն էլ զգալի վնաս են կրել, սակայն պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև Հորմուզի նեղուցի հարցով անցկացված անուղղակի բանակցությունների փուլն ավարտվել էր առանց որևէ առաջընթացի։