Աջարիայի զբոսաշրջության վարչության պետ. Ճիշտ չէ, որ Ուկրաինայի քաղաքացիներին կվտարեն հյուրանոցներից, նրանք կմնան այնտեղ, քանի դեռ այլընտրանքային տարածք չի գտնվել
Բաթումիում գտնվող Ուկրաինայի ոչ մի քաղաքացի բաց երկնքի տակ չի մնա,- Առաջին ալիքին ասել է Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավար Թինաթին Զոիձեն՝ անդրադառնալով Վրաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներին տեղավորելու մասին ժողովրդական պաշտպանի հայտարարությանը։
Զոիձեի խոսքով, շքեղ հյուրանոցներում հանգստացող Ուկրաինայի քաղաքացիները կմնան հյուրանոցներում, քանի դեռ նրանց համար այլընտրանքային տարածք չի գտնվել։
«Ճիշտ չէ, որ Ուկրաինայի քաղաքացիներին կվտարեն հյուրանոցներից։ Բոլորը կմնան այնտեղ, քանի դեռ այլընտրանքային տարածք չի գտնվել: Գործընթացը սկսվել է, մի մասը Գոնիոյում, մի մասը՝ Չաքվիում և նաև Բաթումիում։ Պահանջարկը շատ մեծ է, և մենք չենք կարող խոսել երկարաժամկետ ծրագրերի մասին, քանի որ ոչ ոք չգիտի, թե որքան կտևի պատերազմն Ուկրաինայում և ինչ իրողությունների ու խնդիրների առաջ կկանգնենք։ Մասնավոր հատվածը անշահախնդիր կանգնած է Ուկրաինայի քաղաքացիների կողքին», – ասել է Թինաթին Զոիձեն Առաջին ալիքին։
Վրաստանի ժողովրդական պաշտպանն այսօր հայտարարություն է տարածել՝ կապված Ուկրաինայի քաղաքացիների տեղավորման հետ։ Հայտարարության մեջ ասվում է, որ «Վրաստանում ռուսական ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանված ուկրաինացի քաղաքացիների դիմումի և մամուլի հրապարակումների հիման վրա Վրաստանի ժողովրդական պաշտպանը տեղեկացվել է, որ պետական ֆինանսավորմամբ հյուրանոցներում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներին զգուշացվել է ազատել իրենց տները առաջիկա օրերին, ինչի արդյունքում այս ընտանիքներին բաց երկնքի տակ մնալու վտանգ է սպառնում»: