Բաթումիում, Աջարիայի կառավարության տան մոտ անցկացվող ցույցին աղմուկ բարձրացավ: Ոստիկանները ցուցարարներից պահանջում էին ազատել Գամսախուրդիայի փողոցի մայթը, որտեղ բացված է վրան և մոնտաժված է բեմ՝ բանախոսների համար: Դրան հաջորդեց ցուցարարների դժգոհությունը: Նրանք լրացուցիչ վրան են խնդրում:
«Այստեղ շատ մարդիկ կան, որոնց համար մենք ցանկանում էինք վրան տեղադրել՝ անձրեւից պաշտպանելու համար: Երեկ շատ մարդաշատ հանրահավաք էր, և ոչ ոք չխախտեց հասարակական կարգը: Ես դիմում եմ ոստիկանությանը, որ անցնեն ժողովրդի կողմը, կառավարությունը կհեռանա, և նրանք բոլորը պետք է պաշտպանեն մեզ», – հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Էլգուջա Բագրատիոնին:
Ցուցարարների հետ հանդիպեց Աջարիայի ոստիկանության վարչության նախագահ Կոնստանտին Անանիաշվիլին: Նրա խոսքով, երեկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ եթե մարդկանց թիվը մեծ չլիներ, փողոցը չէր փակվի: Նրա խոսքով, ինքը եկել է այդտեղ՝ այդ մասին հիշեցնելու համար:
«Դուք տեսնում եք, որ փողոցը փակելու համար այնքան մարդ չկա: Մենք երեկ դրա շուրջ պայմանավորվածություն ունեինք և ասացինք, որ կարիք ունենալու և մարդկանց բազմության դեպքում մենք կպաշտպանենք և կարգուկանոն կապահովենք: Այսօր, երբ հիշեցրինք, որոշակի խումբ ոստիկանությանը սադրանք հրահրեց», – հայտարարել է Կոնստանտին Անանիաշվիլին:
Այս պահին Գամսախուրդիա փողոցում տիրում է անդորր: Փողոցը կրկին փակ է: