Ադրբեջանում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Ադրբեջանում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ադրբեջանում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆարիդ Օրուջևի խոսքով, քվեարկության մեկնարկից հետո առաջին չորս ժամվա ընթացքում ընտրողների մասնակցությունը կազմել է 20,39 տոկոս, ինչը նշանակում է, որ 1 309 522 ընտրող կատարել է իր ընտրությունը։

Երկրում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը ութին։

Ըստ ԿԸՀ տվյալների՝ հանրապետության ողջ տարածքում գործում է 6343 ընտրական տեղամաս։ Տեղամասերը կփակվեն ժամը 19:00-ին:

Ընդհանուր առմամբ, երկրում գրանցված է մոտ 6,5 մլն ընտրող, նրանցից 51 հազարից ավելին առաջին անգամ կմասնակցի ընտրություններին։

Ադրբեջանի օրենսդրությունը չի նախատեսում խորհրդարանական ընտրություններում արտերկրում քվեարկություն կատարել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրվա ընթացքում երեք անկախ կազմակերպություններ կանցկացնեն exit poll, որոնց արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից անմիջապես հետո։

ԿԸՀ-ն նախատեսում է նախնական արդյունքները հրապարակել սեպտեմբերի 2-ի գիշերը։ ԿԸՀ-ն պետք է վերջնական արդյունքները հրապարակի 20 օրվա ընթացքում, որից հետո վերջնական արձանագրությունը կներկայացվի Ադրբեջանի Սահմանադրական դատարանի հաստատմանը, որն էլ իր հերթին տասնօրյա ժամկետում կկայացնի վճիռ։

Ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։ Նրա ընտրատարածքում կհաղթի այն թեկնածուն, ով կհավաքի ձայների պարզ մեծամասնությունը։ Ադրբեջանի 125 անդամից բաղկացած խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով։

Ըստ օրենքի՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտրությունները պետք է անցկացվեին նոյեմբերին, սակայն քվեարկությունը հետաձգվեց, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանում տեղի կունենա ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը՝ COP29, որտեղ սպասվում է ավելի քան 80000 հյուր, այդ թվում՝ ավելի քան 50 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ։