Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին խմբաքանակը նախատեսվում է արտահանել այսօր
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր։ Լրագրողների կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ այսօր Ադրբեջանից Հայաստան կմեկնի ադրբեջանական SOCAR ընկերության բենզինով բեռնված 22 վագոն։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը առևտրային բնույթ ունի, և բենզինը կվաճառվի միջազգային շուկաներում գործող գնով։
Ադրբեջանական լրատվամիջոցները նաև նշում են, որ «դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ դեկտեմբերի 5-ին գործընկերներից ստացվել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան միանվագ բեռնափոխադրման հարցում, և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ երկաթուղուն հանձնարարվել է անմիջապես, միանվագ հիմունքներով, երկաթուղով անվճար բեռնափոխադրումներ իրականացնել»։
«Սա հստակ ցույց է տալիս, որ խաղաղության օրակարգը ոչ միայն հայտարարված է, այլև գործնականում իրականացվում է։ Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան արտացոլում է խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտների հայեցակարգը և կարևոր քայլ է երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների ձևավորման գործում։ Սա նաև կնպաստի տարածաշրջանում տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանի երկրների միջև կապերի ընդլայնմանը», – գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։