Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունները ստորագրել են հուշագիր՝ կանաչ էլեկտրաէներգիայի և առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ
Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունների միջև Բաքվում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ։ Վրաստանի կողմից հուշագրին ստորագրել է տնտեսության և կայուն զարգացման նախարարի տեղակալ Վախթանգ Ցինցաձեն։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ հուշագրի նպատակն է կողմերի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության զարգացումն ու խորացումը՝ կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի ոլորտում համատեղ նախագծերի խթանման, համապատասխան էներգետիկ ենթակառուցվածքների ստեղծման, գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանակման, ինչպես նաև փոխշահավետ նախաձեռնությունների աջակցման միջոցով։
Ինչպես նշել է նախարարի տեղակալ Վախթանգ Ցինցաձեն, հուշագրի ստորագրմամբ էլ ավելի կխորանա չորս երկրների համագործակցությունը էլեկտրաէներգիայի սահմանագծային ենթակառուցվածքների ոլորտում։
«Այս ցամաքային միջանցքի զարգացումը կնպաստի Վրաստանի տարանցիկ ներուժի ամրապնդմանը և երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանմանը այլընտրանքային երթուղիներով։ Այն նաև կավելացնի երկրի էներգետիկ անվտանգությունը և կդիվերսիֆիկացնի էներգետիկ շուկաները», – նշել է փոխնախարարը։
Հուշագրի համաձայն՝ կձևավորվի աշխատանքային խումբ, որը կպատրաստի համագործակցության համատեղ պլաններ և կհսկի դրանց իրականացումն ու վերլուծությունը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը։