Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանի զինված ուժերի տեղական հակաահաբեկչական միջոցառումները հաջողությամբ շարունակվում են Ղարաբաղի շրջանում
Ադրբեջանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի տեղական հակաահաբեկչական միջոցառումները Ղարաբաղի շրջանում «հաջողությամբ են շարունակվում»։
«Չեզոքացվել են Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքերը, մարտական մեքենաները, հրետանային և զենիթահրթիռային կայանները, էլեկտրոնային մարտական կայանները և Հայաստանի զինված ուժերի այլ զինտեխնիկա», – հայտնում է ՊՆ-ն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին։ Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն՝ «Հայաստանի զինված ուժերի կազմավորումների կողմից ղարաբաղյան շրջանում ադրբեջանական բանակի դիրքերի համակարգված ռմբակոծումը, տարածքների շարունակական ականապատումը, ինժեներական աշխատանքների կատարումը, մարտական դիրքերի բարելավման համար, ինչպես նաև խրամատների ավելացումը վերջին ամիսներին էլ ավելի մեծ լարվածության պատճառ են դարձել»։
Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայված բանակ չունի։ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ որոշակի ուժեր փորձում են Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ:
«Մենք չպետք է հնարավորություն տանք ոչ ներքին, ոչ արտաքին ուժերին՝ հարվածի տակ դնելու Հայաստանի պետականությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։