Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը լոկալ հակաահաբեկչական միջոցառումներ է սկսել Ղարաբաղում
Ադրբեջանը լոկալ հակաահաբեկչական միջոցառումներ է սկսել Ղարաբաղում, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության վրա։
Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն՝ «Հայաստանի զինված ուժերի կազմավորումների կողմից ղարաբաղյան շրջանում ադրբեջանական բանակի դիրքերի համակարգված ռմբակոծումը, տարածքների շարունակական ականապատումը, ինժեներական և մարտական դիրքերի բարելավման աշխատանքները, ինչպես նաև խրամատների ավելացումը վերջին ամիսներին էլ ավելի մեծ լարվածության պատճառ են դարձել»։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը նշում է, որ մարտական դիրքերը ուժեղացվում են նաև անձնակազմով, զրահատեխնիկայով, հրետանային կայանքներով և այլ հրաձգային զինատեսակներով՝ դրանով իսկ ստորաբաժանումները բերելով մարտական պատրաստության բարձր մակարդակի։
Ադրբեջանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ «եռակողմ հայտարարության դրույթներն ապահովելու, ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները կանխելու, Հայաստանի զինված ուժերը զինաթափելու և Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու նպատակով. նրանց ռազմական ենթակառուցվածքի չեզոքացման, օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձող խաղաղ բնակիչների անվտանգությունը ապահովելու և Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով, տարածաշրջանում ահաբեկչական գործողություններ են սկսվել»:
«Առաջնագծում և խորքում գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ գործողությունների շրջանակում ոչնչացվում են Հայաստանի Զինված ուժերի կազմավորումների դիրքերը, դրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներ և ռազմական օբյեկտներ։ Մենք կրկնում ենք, որ քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորված չեն, խափանում են միայն օրինական ռազմական թիրախները: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը տեղեկացվել են ընթացող գործողությունների մասին»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։