Ադրբեջանի նախագահի օգնական. Անօրինական, անջատողական խամաճիկ ռեժիմը պետք է կազմաքանդվի, իսկ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում տեղակայված հայկական ուժերը պետք է զինաթափվեն
Անօրինական, անջատողական խամաճիկ ռեժիմը պետք է լուծարվի, իսկ հայկական զինված ուժերը, որոնք տեղակայված են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, պետք է զինաթափվեն,- իր «Twitter»-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանն օրինական ռազմական թիրախների դեմ կիրառում է ճշգրիտ կառավարվող զինամթերք և ամեն կերպ խուսափում է խաղաղ բնակչությանը վնաս հասցնելուց: Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում հայկական ծագում ունեցող քաղաքացիական անձանց իրավունքներն ու անվտանգությունը ապահովվելու են Ադրբեջանի Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։ Լուծարում և զինաթափում»,- գրել է Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին։
Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն՝ «Հայաստանի զինված ուժերի կազմավորումների կողմից ղարաբաղյան շրջանում ադրբեջանական բանակի դիրքերի համակարգված ռմբակոծումը, տարածքների շարունակական ականապատումը, ինժեներական աշխատանքների կատարումը, մարտական դիրքերի բարելավման համար, ինչպես նաև խրամատների ավելացումը վերջին ամիսներին էլ ավելի մեծ լարվածության պատճառ են դարձել»։
Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայված բանակ չունի։