Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեաթերթիկների 93 տոկոսի հաշվարկից հետո Իլհամ Ալիեւը 92 տոկոս ձայնով առաջատար է
Ադրբեջանի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 93 տոկոսի հաշվարկից հետո Իլհամ Ալիեւը հավաքել է ձայների 92 տոկոսը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա։
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ առկա տվյալների համաձայն՝ Զահիդ Օրուջը ստացել է ձայների 2,19 տոկոսը, Ռազի Նուրուլաևը՝ 0,8 տոկոս, Ֆազիլ Մուստաֆան՝ 2 տոկոս, Էլշադ Մուսաև՝ 0,67 տոկոս, Գուդրաթ Գասանգուլիև՝ 1,76 տոկոս, Ֆուադ Ալիև՝ 0,53 տոկոս։
«Oracle Advisory Group» ամերիկյան կազմակերպության՝ Քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության լիգայի հետ համատեղ անցկացված Էգզիթ փոլի արդյունքների համաձայն՝ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 93,9 տոկոսը։
Ադրբեջանի «Սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի» տվյալներով՝ Իլհամ Ալիևին աջակցել է ընտրողների 92,4 տոկոսը։
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի նախագահները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը շնորհավորել են Իլհամ Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։