Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է առաջիկա օրերին կազմակերպել ՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ
Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է առաջիկա օրերին կազմակերպել ՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին «CBC News»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է, որ Ղարաբաղի հայ բնակիչները մնան այս տարածքում։
«Ադրբեջանն ունի համապարփակ ծրագիր՝ նրանց համար ապահովելու անվտանգ և լավագույն կենսապայմաններ։ Սակայն ցանկության դեպքում նրանք ազատ են լքել տարածքը: Ադրբեջանը երբեք չի ունեցել և չունի պլաններ ստիպելու Ղարաբաղի հայ բնակչությանը լքել իրենց տները։ Ընդհակառակը, Ադրբեջանը հայտարարել է, որ լիովին կապահովի նրանց անվտանգությունը, եթե նրանք մնան Ղարաբաղում։ Մենք դա ենք ուզում։ Ադրբեջանը շարունակում է նրանց անվտանգության ապահովման կոչերը: Սակայն մենք իրավունք չունենք ընդդիմանալ նրանց ազատ տեղաշարժին։ Սա յուրաքանչյուրի ինքնիշխան և անձնական ընտրությունն է»,- ասել է Հաջիևը։
Բացի այդ, Ալիեւի օգնականը նշել է, որ Ադրբեջանը երբեք ուժ չի կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ։ Նրա խոսքով՝ «էթնիկ զտումներ» տերմինի օգտագործումը վիրավորական է: