Ադրբեջանի ԱԳՆ. Միացյալ Նահանգները, որը տարածաշրջանի երկիր չէ, իր գործողություններով և հայտարարություններով հարվածում է տարածաշրջանի երկրների ջանքերին՝ ապահովելու տրանսպորտի անվտանգությունը
Միացյալ Նահանգները, որը տարածաշրջանի երկիր չէ, իր գործողություններով և հայտարարություններով հարվածում է տարածաշրջանի երկրների ջանքերին՝ ապահովելու տրանսպորտի անվտանգությունը,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության, Հայաստանի կողմից պարտավորությունների չկատարումը ստիպել է Ադրբեջանին որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ։
«Հարևան պետությունների, այդ թվում՝ Իրանի հետ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տանող երթուղիով հաղորդակցությունների իրականացման ընթացակարգի շուրջ համակարգումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է «3+2» ձևաչափի (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) առաջնահերթությունը տարածաշրջանի անվտանգության համար։ Այս ուղղությամբ ցանկացած մեկնաբանություն, որը սպառնում է այս ջանքերին, տեղին չէ»,- ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունների դեմ, ով ասել է, որ Ադրբեջանի ուժի կիրառումը խարխլել է վստահությունը և կասկածներ առաջացրել Հայաստանի հետ համապարփակ խաղաղության հաստատման Բաքվի հանձնառության վերաբերյալ: Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունների առնչությամբ Ադրբեջանը հրաժարվել է նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելուց։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ միակողմանի մոտեցմամբ ԱՄՆ-ը կկորցնի միջնորդի իր դերը։